Կովբյուրոյի որոշմամբ Արցախը տրվեց Ադրբեջանին. Մենք և մեր ոխերիմ «դաշնակիցը»

• 1724 թ. հունիսի 12 — Կ. Պոլսում կնքված ռուս-թուրքական պայմանագրով ռուսները Արեւելյան Հայաստանն ու Արեւելյան Վրաստանը ճանաչեցին Օսմանյան կայսրության անբաժան մասը:

Միաժամանակ արցախահայությանը հորդորում էին շարունակել պայքարը թուրքերի դեմ՝ խոստանալով շուտափույթ ռազմական օգնություն եւ գաղտնի էին պահում թուրքերի հետ Կ. Պոլսի իրենց պայմանավորվածությունը:

• 1729 թ. մարտ — Հայ զինվորականությունը Ավան ու Թարխան հարյուրապետների գլխավորությամբ հերթական անգամ պատվիրակություն ուղարկեց ռուսական բանակ՝ խոստացված ռազմական օգնությունը ստանալու նպատակով: Ռուսները ոչ միայն չկատարեցին իրենց խոստումը, այլեւ Արցախի հերոսամարտի նշանավոր հրամանատարներին արգելեցին վերադառնալ հայրենիք:

• 1804 թ. սեպտեմբեր — Գեներալ Ցիցիանովի գլխավորած ռուսական կորպուսը կողոպտեց Սբ․ Էջմիածինը։• 1805 թ․ ապրիլ — Մայր տաճարի երկրորդ կողոպուտը գեներալ Նեսվետաեւի կողմից։

• 1827 թ․ հոկտեմբեր — Երեւանի բերդը պարսիկներից գրաված գեներալ Պասկեւիչը բացահայտ հալածանքներ սկսեց հայ մտավորականների, այդ թվում հայկական դրուժինաների ստեղծման գործում մեծ ավանդ ունեցած Ներսես Աշտարակեցու նկատմամբ։

• 1828-29 թթ․ ռուս-թուրքական պատերազմի օրերին ռուսները Արեւմտահայաստանում կողոպտեցին հայկական բնակավայրերը։• 1836 մարտի 11 — Պոլոժենիե։ Նիկոլայ Ա-ի հրամանով սահմանափակվեցին Հայ եկեղեցու իրավունքները։

• 1840 ապրիլի 10 — Նիկոլայ Ա-ի հրամանով վերացվեց 1828-ի մարտի 21-ին ստեղծված Հայկական մարզը։

• 1879 թ. — Երևանի նահանգապետի կողմից ցարական կառավարությանը ներկայացվող ամենամյա հաշվետվության մեջ շեշտվում է, որ հայկական ծխական դպրոցների մեծ մասը հազիվ թե կարողանա ծառայել որպես լուսավորություն տարածող, եւ «… հետևաբար հայերի կրթական գործը հազիվ թե նպատակահարմար է մասնավոր ձեռքերում թողնել»։

• 1885, 1897 և 1903 թթ. — հայկական դպրոցները փակվեցին: Ցարական կառավարությունը սկսեց վարել բացահայտ ռուսացման քաղաքականություն:

• 1890-ական թթ․ — աբդուլհամիդյան ջարդերի օրերին ցարական կառավարության կողմից բացահայտ աջակցություն կարմիր սուլթանին։

• 1896 թ. — հատուկ հրամանով 230 հայկական տարրական դպրոցներ Հայ եկեղեցու տնօրինությունից անցան Ռուսաստանի լուսավորության նախարարությանը: Մայրենիով թույլատրվեց միայն հայոց լեզվի ու կրոնագիտության ուսուցումը, իսկ դրանց տրամադրվող ժամերը կրճատվեցին: Դա նշանակում էր հայկական տարրական դպրոցների վերացում:

• 1903 հունիսի 12 — Ռուսական կայսրությունում Հայ եկեղեցուն պատկանող գույքի ու կալվածքների բռնագրավման եւ պետականացման մասին օրենքը:

• 1905-1906թթ. — ռուսական կառավարության կողմից Այսրկովկասում հրահրված հայ-թաթարական բախումներ ու կոտորածներ։• 1912թ. — հայ մտավորականների պետերբուրգյան դատավարությունը։• 1914-1916թթ. — Կովկասյան ճակատում ռուսական զորքերի միտումնավոր դանդաղ առաջխաղացում եւ անակնկալ նահանջների մարտավարություն, որի արդյունքում թուրքերին հաջողվեց Արեւմտյան Հայաստանում ամբողջությամբ կյանքի կոչել Հայոց ցեղասպանությունը։

• 1918 մարտի 3 — Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանի եւ Քառյակ միության երկրների միջեւ։ Հաշտության 4-րդ հոդվածով եւ ռուս-թուրքական լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ ռուսները Արեւմտյան Հայաստանը ճանաչեցին Օսմանյան կայսրության տարածք։• 1920 մայիս — Արցախի բռնազավթումը Կարմիր բանակի ու ադրբեջանական զորամասերի կողմից։

• 1920 հուլիս-օգոստոս՝ ռուս-ադրբեջանական զինուժի կողմից Նախիջեւանի ու Զանգեզուրի բռնազավթումը։

• 1920 օգոստոս 4 — բոլշեւիկների կողմից ՀՀ խորհրդարանի անդամներ Արշակ Շիրինյանի եւ Վահան Խորենու գնդակահարությունը Գորիսում։

• 1920 օգոստոսի 24 — ռուս-թուրքական «Սրտագին ու անկեղծ բարեկամության» պայմանագիր։ Արեւմտահայաստանն ու Արեւելահայաստանի մի մասը ճանաչվեցին թուրքական հայրենիքի անբաժան մաս։ Ռուսաստանը քեմալականներին խոստացավ զենքի ու զինամթերքի մատակարարումներ եւ զինեց թուրքական բանակը:

• 1920 սեպտեմբերի 1-8 — Լենինի ցուցումով Բաքվում հրավիրված Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարում, ուր որպես պատվիրակ ներկա էր նաեւ Էնվեր փաշան, կոչ արվեց «սրբազան պատերազմ» ծավալել միջազգային իմպերիալիզմի ու վերջինիս դաշնակից Հայաստանի հանրապետության դեմ:

• 1920 սեպտեմբերի 18 — Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարի կողմից կազմավորված «Քարոզչության եւ գործողության խորհուրդը» ընդունեց մի բանաձեւ, որն առաջարկում էր օգնել քեմալականներին, նրանց ռազմարշավի դուրս բերել Հայաստանի դեմ եւ «թուրք-հայկական նոր կոտորածները» կանխելու պատրվակով կարմիր բանակը մտցնել Հայաստան՝ հաստատելով խորհրդային կարգեր:

• 1920 սեպտեմբերի 23 — ռուսների դրդմամբ թուրքերը հարձակվեցին ՀՀ-ի վրա։ Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ Միաժամանակ Սյունիքում Պողոս Տեր Դավթյանի ու Նժդեհի գլխավորած ուժերը կատաղի մարտեր էին մղում ռուս-ադրբեջանական զորամասերի դեմ:

• 1920 նոյեմբերի 29 — Կարմիր բանակը հյուսիս-արեւելքից ներխուժեց ՀՀ եւ չեղած բանվորա-գյուղացիական ապստամբության անունից Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։

• 1920 դեկտեմբեր 2 — Հայաստանի խորհրդայնացումը։ Առաջին հանրապետության կործանումը։

• 1920 դեկտեմբեր — 1921 հունվար՝ հայ մտավորականների եւ հայկական բանակի հրամանատարական կազմի աքսորը։ Մտավորականների կացնահարում Երեւանի բանտերում։ Բնակչության շարժական ու անշարժ գույքի թալան ու յուրացում:

• 1921 փետրվար 16 — մարտի 2՝ Հայերի Փետրվարյան ապստամբությունը ռուս բռնազավթիչների դեմ:• 1921թ. մարտ-հուլիս՝ Սյունիքում կատաղի մարտեր ռուս-ադրբեջանական զորամասերի դեմ:

• 1921 հուլիսի 5 — Կովբյուրոյի որոշմամբ Արցախը տրվեց Ադրբեջանին։

• 1921 մարտի 16-ի Մոսկվայի եւ նույն թվի հոկտեմբերի 13-ի Կարսի չարաբաստիկ պայմանագրերով Կարսի ու Սուրմալուի շրջաններն անցան Թուրքիային, Շարուր-Նախիջեւանը՝ Ադրբեջանին։

• 1921-1949 — Հայաստանից աքսորվեցին, բանտերում կտտանքների ենթարկվեցին ու գնդակահարվեցին տասնյակ հազարավոր հայորդիներ։ Մտավորականության կազմակերպված ոչնչացում։

• 1926 — Մոսկվան Հայ եկեղեցուն արգելեց հիշատակի պատարագ մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

• 1938 թ. ապրիլին Էջմիածնում խեղդամահ արվեց Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը:

• 1953 մայիսի 30 — ԽՍՀՄ կառավարության հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվան Թուրքիայից հողային պահանջ չունի։

• 1966-88թթ. — բացահայտ հալածանքների նոր ալիք այլախոհների նկատմամբ։ Ազգային միացյալ կուսակցության անդամների ձերբակալություն, աքսոր, գնդակահարություն:

• 1988 փետրվարի 27-29 — Սումգայիթի ցեղասպանությունը: Խորհրդային զորքերի «ուշացում» 3 օրով:

• 1988-1990՝ Մոսկվայի կողմից կազմակերպված ադրբեջանաբնակ հայության տեղահանություն, թալան ու կոտորածներ։

• 1990 թ հունվար — Բաքվի հայության ջարդերը։ Խորհրդային զորքերը «ուշացան» յոթ օրով:

• 1991 ապրիլ-մայիս՝ ռուս-ադրբեջանական զինուժի համատեղ իրականացրած «Օղակ» գործողությունը. Արցախի տասնյակ հայկական բնակավայրերի խաղաղ բնակչության կոտորած, գերեւարում, թալան ու ավերածություններ:

• 1991-ից առ այսօր՝ Կրեմլի կողմից Ադրբեջանի ինտենսիվ զինում՝ այդ թվում մասսայական ոչնչացման զենքերով:

(շարունակելի)

Հեղինակ Արշալույս Զուրաբյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.