Իրանն ուզում է Հայաստանի միջոցով դեպի Կովկաս բոլոր ճանապարհները բացել, իսկ «միջանցքի» մասին լսել չի ուզում

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհների քարտեզը շուտով ամբողջովին կփոխվի, Թվիթերում գրել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության զարգացման նախարար Ռոստամ Հասեմին։

«Փոխնախարարներին տրված հատուկ հանձնարարության շնորհիվ Նորդուզից Հայաստան գնացող ճանապարհի և կովկասյան միջանցքի հարցը կլուծվի», – պնդել է իրանցի նախարարը՝ հավելելով. «Նրանք, որոնք խնդիրներ էին առաջացնում, պետք է իմանան, որ մեր ճանապարհը չեն կարող փակել։ Իսկ այ «այրված կամուրջները» վերականգնելը բարդ կլինի»։ Թե ում են ուղղված այս խոսքերը, նախարարը չի հստակեցրել։

Մյուս կողմից օրեր առաջ Հայաստան էր ժամանել Հասեմիի տեղակալը՝ Խեյրոլլահ Խադեմին, ով հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Հայաստանին Իրան-Հայաստան նոր՝ այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցում։

Այս առնչությամբ, աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Իրանի համար սահմանների որևէ փոփոխություն ընդունելի չի. «Նրանք անգամներ ասել են, որ միջանցք կոչեցյալն իրենց համար ընդունելի չէ և դա այն կարմիր գիծն է, որն Ադրբեջանը չպետք է անցնի: Իսկ ճանապարհների մասով նրանց մտածածն այն է, որ տարանցիկ ճանապարհներ կբացվեն

Հայաստանից դեպի Իրան Նախիջևանի միջոցով և Նախիջևանից դեպի Ադրբեջան Հայաստանի ճանապարհներով, ոչ թե միջանցքով, այլ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհներով, ինչպես ամբողջ աշխարհում մեկ երկրի մեքենան մյուս երկրի ճանապարհներով անցնում է երրորդ երկիր հասնելու համար: Իրենց սպասելիքը դա է»,-ասաց քարտեզագետը:

Դիտարկմանը, որ իրանցի փոխնախարարը խոսել է Կովկասյան միջանցքի մասին, Գալիչյանն ասաց. «Կովկասյան տարանցիկ ճանապարհի մասին է խոսքը, որովհետև իրանցիները «միջանցք» տերմինը չեն ընդունում ոչ մի կերպով, ինչպես Հայաստանի իշխանություններն են հայտարարել, որ մենք միջանցքի խնդիր չունենք, չի կարող նման հարց քննարկվել:

Իրանն ուզում է Հայաստանի միջոցով դեպի Կովկաս բոլոր ճանապարհները բացել, այսինքն Հայաստանի միջոցով տարանցիկ ճանապարհ, ինչպես հիմա կա, իրանական բեռնատարները Հայաստանով հասնում են Վրաստան ու Ռուսաստան: Դա չի կարող լինել միջանցք, որովհետև միջանցք նշանակում է քո տարածքը տալիս ես երրորդ երկրի՝ կտրելով քեզ Իրանից:

Իրանի խնդիրն այն է, որ նա ոչ մի կերպ չի ուզում կտրվել Հայաստանի միջոցով դեպի Կովկաս ճանապարհ ունենալու հնարավորությունից: Մյուս ճանապարհներից մեկն անցնում է Թուրքիայով, երրորդ ճանապարհը՝ Ադրբեջանով, իսկ այդ երկու երկրներին նրանք չեն վստահում: Իրանը շահագրգռված է, որ Որոտանի հատվածը շրջանցող ճանապարհն արագ կառուցվի և իրենք անարգել Հայաստանով մտնեն Կովկաս:

Մեր իշխանությունները ևս այս մասին խոսել են, նաև այն մասին, որ ԵՄ-ի կողմից 2,6 մլրդ դոլարի մի մասը հատկացվելու է Հյուսիս-Հարավի ճանապարհի կառուցմանը Սյունիքում: Դա թույլ կտա, որ իրանական մեքենաները հանգիստ և արագ հասնեն Կովկաս: Մյուս կողմից մենք կարող ենք Իրանի միջոցով հասնել մինչև Պարսից ծոց»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.