Տեսանյութն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով. Արման Թաթոյան

Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ:

Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարցակ պահվածք: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս տեսանյութում ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս: Երեխաներն Արցախից են, որ երթևեկում են Որոտանի ճանապարհով: Արցախի իմ գործընկերոջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ պարզել ենք, որ Արցախի ֆուտբոլ խաղացող երեխաներ են՝ 15-16 տարեկան: Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը:

Ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս տեսանյութը: Բայց այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ՝ դիմակով ու զինված:

Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիական ցանցերում, ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և խորքային ատելությամբ: Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է: Ապացույցները մենք փաստագրել ենք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.