Վարչшպետը հшյտարшրություն է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով:

Օրակարգում ընդգրկված հարցերը ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են նեղ կազմով նիստում, այնուհետև ընդլայնված կազմով նիստում ներկայացրել են ՀԱՊԿ առաջնահերթություններն ու ստորագրել ընդունված փաստաթղթերը: ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, ՀԱՊԿ հետագա զարգացմանը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին` ավանդական ջերմ ընդունելության և Տաջիկստանի կողմից ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում կատարված աշխատանքի համար:

«Հարգելի գործընկերներ,

ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվում է Հայաստանին, ինչի կապակցությամբ հայկական կողմը կցանկանար գործընկերներին առաջարկել կենտրոնանալ կազմակերպության դինամիկ զարգացմանն ու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ հետևողական աշխատանքի վրա:

Մեր կարծիքով, անհրաժեշտ է շարունակել աշխատանքն արտաքին քաղաքական համակարգման և փոխօգնության խորացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգված մոտեցումների մշակման համար: Այդ նպատակով մենք մեծ նշանակություն ենք տալիս բազմամակարդակ խորհրդակցությունների պարբերաբար անցկացմանը, այդ թվում` «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով, որի անդամ են արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների տեղակալները: Մեր կարծիքով, համատեղ հայտարարություններ ընդունելու պրակտիկան իրեն արդարացրել է, և այն պետք է շարունակվի:

Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը: Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով:

Հայաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ` ՀԱՊԿ ուժերի մարտունակության, մարտական պատրաստության, ներդաշնակության և շարժունակության մակարդակը բարձրացնելու նպատակով: Կասկած չկա, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել և զարգացնել, համալրել ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով, վերազինել ժամանակակից միջոցներով և կատարելագործել դրանց ղեկավարումը:

 

Մեր կազմակերպության համար մեծ նշանակություն կունենա ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, տեղեկատվական անվտանգության ապահովման, թմրամիջոցների դեմ պայքարի և անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների ու մեխանիզմների հետագա կատարելագործումը:

Մենք նաև առաջարկում ենք քայլեր ձեռնարկել միջազգային ասպարեզում ՀԱՊԿ հեղինակության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ շահագրգիռ այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնման միջոցով: Այս առումով կարևոր է առավելագույնս օգտագործել և զարգացնել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային փորձը:

Մեր կարծիքով, նման հարցեր լուծելիս մենք կարող ենք հույս դնել նաև մեր խորհրդարանականների աջակցության վրա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.