Ինչպես երաժիշտը սկսեց թեյերի փոքրիկ բիզնես ստեղծել

Կարինեի ամուսնու նվիրած ծաղկային փնջերը հետո թեյ էին դառնում


Թեյ տեղծելու գաղափարը Կարինե Գեւորգյանի ամուսինը՝ Գեւորգը հուշեց, երբ դեռ տարիներ առաջ բնակվում էին Իջեւանում։ Նա պրոֆեսիոնալ զինվորական է, արդեն 20 տարուց ավելի է, որ ծառայում է հայոց բանակում։ Կինը պատմում է, որ Գեւորգի վաղեմի երազանքն էր հայկական խոտաբույսերից փոքրիկ բիզնես ստեղծելը։ Բայց անգամ Կարինեն ինքն իրեն չէր պատկերացնում այդ գործում։
Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է, արդեն 17 տարվա մանկավարժական փորձառություն ունի։

Հիմա աշխատում է Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում։
«Ունենք մեկ աղջիկ, մեր ամենամեծ հարստությունը՝ Սոնան, որն արդեն 7 տարեկան է»,-ժպտում է Կարինեն ու շտապում պատմել փոքրիկ բիզնեսի մասին, թե ինչպես սկսեցին եւ որտեղ հասան:
«Որքան էլ տարօրինակ թվա, սակայն մեր բիզնեսի հիմնադրմանն օգնեց բոլորիս հայտնի համավարակը։ Երբ հայտարարվեց կարանտին, մենք երկար ժամանակով մեկնեցինք Բյուրական՝ ամուսնուս հայրական օջախ։ Հանդիպումները, ընկերական հավաքույթները գրեթե անհնարին էին դարձել, ու մենք, օրերը հետաքրքիր անցկացնելու համար, ամուսնուս եղբոր ընտանիքի հետ հաճախ գնում էինք Արագածի լանջերը, բնության գրկում զբոսանքներով լցնում մեր օրը,- պատմում է Կարինեն՝ ավելացնելով,- ամեն անգամ վերադառնալիս ամուսինս ինձ խոտաբույսերից ծաղկային փունջ էր նվիրում։ Խենթանալու բույր ունեին, աննման գույներ… Իսկ չորանալուց հետո ծաղկեփունջս վերածվում էր անմահական թեյերի։ Ամեն ծաղիկը, ամեն տերեւն իր մեջ մեր սարերի համն ու հոտն ուներ, դրանց մեջ այնքան արեւ, լույս, այնքան կյանք կար…»,-ասում է զրուցակիցս:

Տանը սկսեց համացանցով որոնել այդ բույսերի, ծաղիկների օգտակարության մասին տեղեկություններ։ Սովորում էր, թե ինչպես եւ երբ է պետք հավաքել դրանք, որ բնությանը վնաս չպատճառեն, որ թեյերի օգտակարությունը լիարժեք լինի։
Տեսնելով, թե հայկական բնաշխարհն ինչքան շռայլ է, որքան հարստություն կա, որոշեցին հիմնել այս փոքրիկ ընտանեկան բիզնեսը։ Գաղափարի մասին կիսվեցին կնքահոր՝ Ռաֆիկի հետ, որը քաջալերեց եւ ասաց, որ կօգնի արտահանման հարցում։ «Նա նաեւ մեզ տրամադրեց արտադրամաս, որը գտնվում է Բյուրականում։ Եվ այդպես սկսվեց»,-ասում է Կարինեն:
Ըստ հիմնադիրների՝ «Թեյքամ» թեյերը չունեն քիմիական հավելումներ, իսկ խոտաբույսերը չորացնում են ավանդական եղանակով։ Հումքը հավաքված է Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ՝ Արագած լեռան էկոլոգիապես մաքուր ալպիական լանջերից:
Մեր հարցին՝ ինչո՞ւ թեյը ստացավ այդ անունը, Կարինեն այսպես պատասխանեց. «Թեյքամը ցանկացած թեյախմության անբաժան մասնիկն է, թեյաքամիչը, որն անհրաժեշտ է նաեւ մեր՝ խոտաբույսերից պատրաստված թեյերը քամելու համար։ Ինձ դուր է գալիս այդ անունը։ Այն նաեւ անգլերենով է շատ բարեհունչ՝ Teicam… «Թեյքամը» հենց թեյի հրավեր է՝ արի՛ թեյ խմելու»:
Կարինեն ընդգծում է, որ խոտաբույսերի պահանջարկը Հայաստանի սահմաններից այն կողմ ավելի շատ է։ Միաժամանակ հավելում է. «Ուրախ եմ, որ մեզանում նույնպես կամաց-կամաց վերակենդանանում է հետաքրքրությունը ավանդական կենցաղավարության, խոհանոցի, մշակույթի հանդեպ՝ ընդհանրապես։ Մարդիկ այս ամենին, այդ թվում՝ նաեւ մեր թեյերին սկսել են ավելի մեծ հարգանքով վերաբերվել, գնահատել դրանց որակն ու օգտակարությունը»:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.07.2021

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.