Սարսափելի դեպք Հայաստանում․ քիչ առաջ ծնված երեխային գցել են փողոց

Այսօր՝ հուլիսի 3-ի առավոտյան, ժամը 10:00-10:30-ի սահմաններում Գյումրու Ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ, բարուրով փաթաթված նորածին երեխա է գտնվել:

Նրան պատահաբար տեսել է այդ թաղամասում ապրող գյումրեցի հոգեբույժը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Գյումրու Շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը: «Քայլելիս է եղել, պատահաբար է նկատել: Ձայն է լսել, հետո նաև տեսել է շարժվում է, մոտեցել է: Ու տեսել է, որ նորածին է, անմիջապես ահազանգել է և մեզ, և ոստիկանություն:

Մեր բրիգադը գնացել, տեսել է, որ երեխան կենդանի է, պորտալարը դեռ փաթաթված է վրան, կտրված էլ չէ: Տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց»,-ասաց Մանուկյանը: Գտնված երեխան տղա է, 3կգ 100 գրամ քաշ ունի, 51 սմ հասակ: Առաջնակի զննումով մասնագետները փաստել են, որ երեխան եղել է սառած: Բնածին արատ չի հայտնաբերվել:

«Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Կապտակարմրավուն երանգ է առկա եղել: Հասուն նորածին է, ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել, պորտալարը դեռ թաց էր»,-նշեց Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը: Նորածինն արատ չունի, սակայն ունի բուժման կարիք:

Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով, անխնամ, տակաշորը հողոտ է եղել, խոտի մնացորդներ են եղել վրան: Նորածին տղան կմնա հիվանդանոցի վերակենդանացման բաժնմունքում՝ տաքացնող սեղանիկի վրա այնքան մինչև վիճակը կարգավորվի: Ոստիկանությունից ՀԺ-ին տեղեկացրեցին, որ այս պահին դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբ է աշխատում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.