Ստացվում է որդուս ասած` «սառը» տնային երշիկ: Հեշտ է պատրաստվում, արագ վերջանում` սեղանին դրվելուց հետո:
Սա կարող է լինել տոնական սեղանի խորտիկ, կամ ուղղակի սրանով պատրաստեք սենդվիչներ նախաճաշի համար: Անհրաժեշտ է` հավ, պլաստիկ շիշ և ժելատին:
Առաջարկում եմ փորձել:
Եթե ցանկանում եք ավելի յուղոտ տարբերակը պատրաստել, ապա հավի հետ միասին կարող եք խոզի միս համադրել: Իսկ եթե ընդհակառակը` ուզում եք անյուղ տարբերակ, ապա կարելի է տավարի միս վերցնել: Դիետիկ տարբերակի համար կարող եք վերցնել հավի կրծքամիս: Այս բաղադրատոմսը բազային է, դուք կարող եք ըստ ձեր ճաշակի ավելացնել այլ բաղադրիչներ` սունկ, սալորաչիր, տարբեր համեմունքներ:
Այսքանը պարզ է, դե սկսենք:
Մոտ մեկ կիլոգրամանոց հավի համար անհրաժեշտ է.
-1 սոխ;
-1 գազար;
-Ժելատին — 15-20 գրամ (ես նախընտրում եմ մանրացվածը, դուք` ոնց կուզեք):
-Համեմունքներ — աղ, սխտոր, պղպեղ, մսային համեմունքներ:
-Պետք է սովորական 1,5 լիտրանոց պլաստիկ շիշ, բնականաբար մաքուր, եւ հնարավորության դեպքում` հարթ պատերով:
Պատրաստման եղանակը `
1. Հավի մեջ բաժանել հարմար կտորների եւ եփել: Արգանակին ավելացնել գազար եւ սոխ, աղ, պղպեղ կամ այլ համեմունքներ, որոնք Ձեզ դուր են գալիս: Սխտոր դեռ չգցեք, այն ավելի ուշ է պետք գալու:
2. Մինչ միսը եփվում է, նախապատրաստեք ժելատինի լուծույթը: Լցրեք ժելատինը միջին չափի փիալայի մեջ եւ ավելացրեք կես բաժակ հավի արգանակ: Երբ ժելատինն ուռի` ավելացրեք արգանակ, լավ խառնեք: Խառնուրդը պատրաստ է:
3. Հավը հանեք կաթսայից, սառեցրեք, մասնատեք թելիկների ուղղությամբ: Զգուշորեն հեռացրեք ոսկորները, կաշին: Ըստ ցանկության, եթե սիրում եք, կարող եք մսին ավելացնել մնար կտրատված սխտոր:
Պլաստիկ շշի վերևի մասը կտրեք, որպեսզի հարմար լինի տեղավորելը: Այնտեղ դասավորում ենք համեմունքներ ավելացրած միսը, վրայից լցնում ժելատինային լուծույթը և դնում սառելու`մոտ 7-8 ժամ:
Այս ընթացքում ժելատինի շնորհիվ շշում լցվածը թափանցիկ շերտով կպատվի, ներսի պարունակությունը կերևա: Հանում ենք շիշը սառնարանից, կտրում ստորին հատվածը եւ հետո երկայնքով; Ստացված գլանաձև զանգվածը կարելի է կտրատել շերտերով և գեղեցիկ զարդարելով` մատուցել: Փորձեք, շատ համեղ է:
Ի դեպ, հավի արգանակի մնացորդը նույնպես չի կորչի; Այն կարող եք սառեցնել խորանարդիկներով և պահել: Հետագայում ապուր եփելիս դրանք կարելի է օգտագործել
Բարի ախորժակ: