Առաքելյան Գառնիկ Աշոտի, ծնվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, հայկական ավանդական ընտանիքում։ Հայրն ու մայրը մեծացրել են երկու հայրենասեր, արժանավոր զավակների։
Գառնիկը, փոքրուց միշտ աչքի էր ընկնում իր համառ և հայրենասեր բնավորությամբ։ Երազում էր ուսումը շարունակել ռազմական ուսումնական հաստատություններում, բայց մայրիկին դեմ գնալ չկարողացավ և հայտնվեց ճարտարագիտական համալսարանում։ Հայրենիքին պարտքը տալու համար ընդհատեց ուսումը և մեկնեց զինվորական ծառայության։
Այնուհետեւ հայտնվեց այն ոլորտներում, որտեղ ուժ, ռիսկ ու կամք է պահանջվում։ Աշխատեց Ոստիկանական զորքերում, այնուհետև Հատուկ ջոկատայինների բանակում` հետախույզ-սակրավոր…Գառնիկը առաջատար էր բոլոր ոլորտներում, շրջապատի << հոգին>> էր, <<դուխ>>տվողը, միշտ ժպտերես, կենսախինդ…,<<բոլորիցս գիտակ, բոլորիցս պատրաստված, բոլորիցս <<դուխով>>,… նրա մասին խոսում են ընկերները։ Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, Գառնիկը հաջորդ օրն իսկ` 28- ին, մեկնեց հայրենիքը պաշտպանելու։
Մարտունիի թվացյալ հանգիստ վիճակը իր համար չէր. <<հո չենք եկել էստեղ հանգստանալու…>>, ասել էր ընկերներին և մարտական ընկերների քիչ թվով(6) որոշել են գնալ Ֆիզուլի, առաջնագիծ։ Գառնիկն իր ինքնաշեն դանակը գործի էր դրել առաջնագծում, լինելով հետախույզ- սակրավոր, բազում անգամներ թափանցել է թշնամու թիկունքը և տարբեր դիվերսիաներ իրականացրել, մեծամասամբ միայնակ, չվտանգելով ընկերների կյանքը, իսկ առավոտյան ժպիտով և հպարտությամբ ասել.<< Հիմի էս ինչ տեղից ձեն կլսեք…>>։ Մարտական դիրքերում հոգ էր տանում ժամկետային զինծառայողների մասին, նրանց համարում իր կրտսեր եղբայրները։ Ամեն զոհողության գնում էր ընկերներին պաշտպանելու համար։
Մարմնով ծածկեց զինծառայող ընկերոջ` աշտարակցի Սեյրան Թումանյանին, իսկ այդ չարաբաստիկ հոկտեմբերի 23- ին, գրադի տեղատարափի տակ, նրա որդու` երիտասարդ օպերային երգիչ` Գոռ Թումանյանին օգնելու համար, իր խառնվածքին համաձայն, ընկերոջ` Հարութի հետ, խրամատից դուրս նետվեց…հայրենիքի, ընկերության զոհ մարտիկներ…։Հարութն ու Գոռը տեղում զոհվեցին, իսկ Գառնիկս ծանր վիրավորվեց…Օգնության հասնող բժշկական մեքենան ճանապարհին հոդս ցնդեցրին։
Գառնիկը 4 ժամ կյանքի համար պայքարելով արնաքամ եղավ մարտադաշտում, կրկնելով. <<մայրիկիս չասեք, մայրիկս չի դիմանա…>>։ Վիրավորվելուց հետո, երբ դադարում է գռադի ձայնը, մարտական ընկեր Ռոբը, բոլոր ուժերը ներ է դրել օգնելու Գառնիկին, բայց ավաաաղ, անգամ բժշկական օգնությունը տեղ չհասավ…Ռոբը, մի փամփուշտ էր բերել իր հետ և աղի արցունքով դրեց Գառնիկի կրծքին, այն հարցին, թե ինչ փամփուշտ է, Ռոբը պատասխանեց, թե Գառնիկն էր տվել իրեն և խնդրել խփել իրեն, որպեսզի չտանջվի…Ռոբը բնականաբար մերժել էր և այդ փափուշտը հրաժեշտի վկան դարձավ ….
Վերջին նամակներից մեկում, սիրած աղջկան գրել էր.<< Ան, ես անպայման կգամ, մեռնելով էլ լինի, կգամ…>>։ Մեր սիրելի քաջի բոթը արագ տարածվեց իրեն ճանաչողների և սիրողների շրջապատում։
Գառոն, էդ ոնց?…ախր բոլորիցս գիտակն էր, բոլորիցս պատրաստվածը, երբ նրա կողքին էինք, վստահ էինք, որ անվտանգ ենք, ապահով, – ասում են ընկերները։
Ավաղ, դահճի ձեռքով գրված անակնկալը այլ էր մեզ բոլորիս համար և հիմա մտածում եմ, Աստված Գառնիկի շատ սիրեց, որ խնայեց նրան տեսնելու այս համատարած դավաճանությունը, թե մեզ` սովորական մահկանացուներիս դատապարտեց մնալ և մեռնել ոտքի վրա…
Գառնիկի հերոսությունների մասին դեռ շատ կգրվեն, կգրվեն եկող սերունդների համար, որպեսզի ապագա սերունդները ճանաչեն իրական հերոսներին, որոնց համար հայրենիքի և ընկերոջ սերը գերակա է…Նա չհասցրեց ընտանիք կազմել և իր 31 տարեկան կյանքը նվիրեց հայրենիքին, նվիրեց մեզ…մա’հ դավաճաններին և թշնամուն գոչելով…
Հավերժ փառք քեզ, իմ փնթփնթանիկ, իմ հերոս, իմ հզոր, իմ հայրենասեր, ընկերասեր եղբայր։ Դու միշտ եղել ես ու կմնաս մորաքոյրիդ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ, ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻՆ… կարոտում ենք, շաաաատ։
Հեղինակ՝ Անուշ Գրիգորյան